Ընդամենը մեկ օր առաջ, անդրադառնալով Սիրիայում ծավալվող իրադարձություններին, կարծիք էի հայտնել, որ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու երբեք ու ոչ մի դեպքում:
Թուրքիայում լավ են հասկանում, որ փաստացի ամբողջ Արևմուտքի դեմ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանն ունի իր կարիքը՝ էներգակիրների Եվրոպա արտահանման, սանկցիոն ապրանքների ներկրման համար: Դրա պատճառով չի կարող կտրուկ քայլեր ձեռնարկել՝ գոնե այս պահին: Հետո, ինչպես ասում են, կա´մ էշը կմեռնի, կա´մ էշատերը: Հիմա Սիրիայում դիվիդենտներ շահելու ամենահարմար պահն էր, և Թուրքիան դրանից օգտվեց: Այդ դիվիդենտները նա հետո «աճուրդի կհանի» Թրամփի հետ հարաբերությունների կարգավորման ժամանակ:
Այսինքն, Էրդողանը լավ հաշվարկեց այն պահը, թե երբ կարող էր գցել իր «բաերկամ» Պուտինին ու մնալ անպատիժ:
Հասկանալի է, որ իմ անձնական ժամանակը ես ծախսում եմ ոչ թե Թուրքիայի, Սիրիայի կամ Ռուսաստանի ու Իրանի պատմությանը ծանոթանալու ու ապագան կանխագուշակելու համար: Ոչ, ես ավելի հետաքրքիր զբաղմունքներ ունեմ:
Խնդիրն այն է, որ նման իրադարձությունները միակը չեն, տարբեր վարիացիաներով կրկնվում են հազարամյակներ շարունակ: Ճիշտ է՝ մեր օրերում մարդիկ ավելի շատ տիկտոկում ու ինստագրամներում են զբաղված, ավելի շատ ինֆորմացիա ստանում են դոգերից ու Աննա Հակոբյանի նկարների քոմենթներից:
Բայց մեր երկրում ու մեր ընտանիքների շուրջ հենց հիմա ծավալվող իրադարձությունները նույնպես զարրգացել են այնպիսի իրավիճակներում, երբ մեր անվտանգությունը մեր դաշնակիցների համար դարձել է նույնքան անհետաքրքիր, որքան հիմա Սիրիայի անվտանգությունն է իր դաշնակիցների համար: Իսկ ամենսարսափելին այն է, որ մենք դա արել ենք մեր ձեռքով՝ ի վնաս մեզ:
Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը 2020 թվականի սեպտեմբերին չգիտե՞ր, որ շատ շուտով կարող է մտնել պատերազմի մեջ, Ադրբեջանն ու Թուրքիան չգիտեի՞ն, որ Ռուսաստանի համար ամենամեծ առևտրատնտեսական միջանցքներից մեկն անցնելու է իրենց երկրներով: Իհարկե, գիտեին, բանակցում էին, պայմանավորվում էին, լոգիստիկ սխեմաներ էին կառուցում:
Իսկ Հայաստանի իշխանությունները դրա մասին գիտեի՞ն, երբ պախարակում էին ՀԱՊԿ համբավը՝ կալանավորելով դրա գլխավոր քարտուղարին, հասկանո՞ւմ էին, որ երկրում հակառուսական տրամադրություններ քարոզելով, Ադրբեջանի հետ բանակցություններում ԵԱՀԿ ՄԽ դերը նսեմացնելով, մեզանից վանում են ոչ միայն Ռուսաստանին, այլև Ամերիկային ու Եվրոպային: Դժվարանում եմ ասել, բայց վերլուծել ու եզրակացություններ անելն ինձ ոչ ոք չի արգելում:
Այսպես. Միացյալ Նահանգներն ու Եվրոպան թեև հասկանում էին, որ Մինսկի խումբը կարող է կորցնել իր հիմնական դերակատարությունը, բայց հայ հասարակությանը ներկայացան որպես «դեմոկրատական ազատություններ բերող բարի փերիներ»: Իրականում նրանք հեռացան Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցից՝ իրենց փոխարեն այստեղ թողնելով բորելներին, ֆոնդերլյայեններին ու շառլմիշելներին, որոնք ողջունում էին «վերելակային հարաբերություններն» ու Հայաստանի հակառուսական քաղաքականությունը: Ռուսաստանը չէր կարող ու ցանկություն էլ չուներ (հիմա էլ է այդպես) թեկուզ լոկալ պատերազմական գործողությունների մեջ ներքաշվել Արևմուտքի դեմ մեծ պատերազմի նախօրեին: Ավելին, դրան նախապատրաստվելիս՝ հաշվի էր առնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետագա դերակատարումը: Երբեք չմոռանաք, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններից մեկ օր առաջ կնքվեց ռուս-ադրբեջանական մեծ համաձայնագիրը:
Ահա այսպիսի պայմաններում առաջացավ 44-օրյա պատերազմի իրողությունը, որից շահեցին բոլորը՝ բացի հայերից: Փաշինյանը ոչ թե չկարողացավ ճիշտ գնահատել պահի նշանակությունը, այլ, որն ավելի հավանական է, գիտակցաբար դարձավ մեծ բախումից առաջ Ռուսաստանին մի փոքր էլ թուլացնելու, նրան Անդրկովկասում հակամարտության մեջ ներքաշելու գործիքը, ինչպես հիմա անում են Թուրքիայի ձեռքով՝ Սիրիայում: Փաշինյանը գիտակցել է իր դավաճանական առաքելությունը:
Որպեսզի մերկապարանոց չլինեն իմ խոսքերը, կրկին բերեմ Վրաստանի օրինակը: Այդ երկիրն Ամերիկայից ու Եվրոպայից այնքան ֆինանսական, ռազմատնտեսական և քաղաքական աջակցություն է ստացել, որ փաշինյանական Հայաստանը նույնիսկ երազել չի կարող: Բայց հիմա, երբ ուղղակի բաց տեքստով նրան ստիպում են թեկուզ մի քանի օրով ու անխուսափելի ջախջախման հեռանկարով հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, վրացիները հրաժարվեցին դրանից ու փորձում են պահել իրենց ինքնուրույնությունը: Նրանք հասկանում են, որ խառը ժամանակներում չի կարելի կողքից սպասող մնալ, երբ աշխարհի մեծերը որոշում են իրենց հարաբերությունները: Այնտեղ սպասողների հարցերը չեն լուծվում, սպասողներին այնտեղ զոհաբերում են:
Էդուարդ Սարիբեկյան